Հարազատները հրաժարվել են մասունքները հուղարկավորելուց. պետությունն իր վրա կվերցնի պատասխանատվությունը. Ավանեսյան
Ցավոք սրտի, պատերազմների հետևանքով կան մասունքներ, որոնք մի քանի անգամ փորձաքննվել են ու արդյունքները մշտապես նույնն են եղել, սակայն հարազատները հրաժարվում են հուղարկավորություն իրականացնելուց: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այդ փորձաքննություններն իրականացվել են նաև արտերկրում՝ Կարմիր խաչի աջակցությամբ ու միջնորդությամբ»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում ու արտերկրում հաստատված դեպքերի մասով պետք է որոշումներ կայացնել։
«Անգամ սառնարանային պայմաններում մասունքները տարիներով պահելը որևէ առումով ճիշտ չէ: Պետք է հուղարկավորությունները իրականացվեն: Դրանց իրականացման ֆորմատն ու սկզբունքները, որ լինեն հնարավորինս ընդունելի ու հաշվի առնվեն թեմայի բոլոր նրբությունները, միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում կորոշվեն»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ պետությունն իր վրա պետք է վերցնի պատասխանատվություն՝ հողին հանձնելու մասունքները։