2023թ-ին Հայաստանը ԵՄ երկրներից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ․ փոխնախարար (տեսանյութ)
Հայաստանը Եվրամիության երկրներից 2023-ին ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ, ՀՀ-ի կողմից դրական պատասխանի է արժանացել 92,99 տոկոսը։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
«Սա չի ենթադրում, որ Հայաստանը հրաժարվում է հետ ընդունել այն քաղաքացիներին, որոնք անկանոն բնակվում են ԵՄ տարբեր երկրներում։ Սա հավաստումն է նրան, որ, օրինակ, շատ դեպքերում կարող է լինել դեռևս ճշտված հանգամանքներում բնավող անձինք, որոնք հետընդունման ենթակա չեն, հետևապես այն անձինք, որոնք հետընդունման ենթակա չեն, բնականաբար, հայտի շրջանակներում դրական պատասխանի չեն արժանացել»,- մանրամասնեց Սարգսյանը։
ՀՀ քաղաքացիների հետ ընդունման հայտեր ամենից հաճախ ստացվում են Ավստրիայից, Բելգիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ռումինիայից, Լեհաստանից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Նորվեգիայից, Դանիայից, Շվեյցարիայից։