Աշոտյանը պաշտոն կստանձնի ԱԳՆ-ում
Newspress.am-ի տվյալներով` այսօր առավոտյան ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խորհրդակցություն է հրավիրել: Նա շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակիցերին համատեղ աշխատանքի համար ու ակնարկել, որ իր նոր աշխատավայրը նախարարությունից կգտնվի ընդամենը 1 կմ հեռավորության վրա:
Թե կոնկրետ, որ ուղղությամբ 1 կմ-ը կձգվի, փորձեցինք պարզել կրթության նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանից: Նա կես կատակ պատասխանեց.
«GPS ունեք, չէ՞…. Էդ GPS –ով կարող եք որոշել, թե 1 կմ որտեղ է»,- ասաց Զոհրապ Եգանյանը` հավելելով, որ պետք չէ մաթեմատիկական ճշգրտությամբ հարցին վերաբերվել:
«Այս պահին այլ մանրամսներ դեռ չեն հաղորդվում, ավելի ուշ բոլորս միասին կիմանաք»,-եզրափակեց Եգանյանը:
Հաշվի առնելով, որ շրջանառվող որոշ լուրերի համաձայն` Աշոտյանը պատրաստվում էր ստանձնել որևէ երկրի դեսպանի պաշտոն, ապա կարելի է ենթադրել, որ Աշոտյանի 1կմ հեռավորության վրա գտնվող նոր պաշտոնը կլինի ԱԳՆ-ում: