Հունվարի 27-ը Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է
Սուրբ Սարգսի տոնը Հայ եկեղեցու տոնացույցում ունի իր պատվավոր տեղը: Այն նշվում է Սբ. Զատիկից 9 շաբաթ առաջ՝ առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը: Տոնը շարժական է, հանդիպում է հունվարի 18-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում: Այս տարի այն նշվելու է հունվարի 27-ին։
Այս տոնի իմաստը սերն է, որը սուրբ Սարգիսը տածել է Աստծո հանդեպ: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները խնդրում են Սրբի բարեխոսությունը, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ Սբ. Սարգսի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։
Այդ օրը սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որի ավարտին կատարվում է երիտասարդների և զինվորների օրհնության կարգ։ Մայր Աթոռից Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվում սրբի մասունքակիր աջը, իսկ Մատենադարանից՝ ձեռագիր Ավետարանը՝ գրված Սուրբ Սարգիս եկեղեցում։