Չինաստանը կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին չհարվածել քաղաքացիական օբյեկտներին
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել և խնդրել չհարվածել քաղաքացիական օբյեկտներին։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Նրան մեջբերում է РИА Новости-ն։
«Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հետևողական է և չափազանց հստակ։ Մենք կոչ ենք անում համապատասխան կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, խուսափել քաղաքացիական թիրախների թիրախավորումից և պաշտպանել խաղաղ բնակիչների անվտանգությունը»,- ասել է Նինը:
ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Չինաստանը բանակցությունները համարում է ուկրաինական հակամարտության կարգավորման միակ ճանապարհը և հույս ունի, որ կողմերը ջանքեր կգործադրեն իրավիճակը լիցքաթափելու համար։