Հացի սպառման նվազումը արտագաղթի լուռ վկայություն
Հայաստանում 2015 թվականին արտադրվել է 284.5 հազար տոննա հաց, ինչը 2014թ-ի համեմատ նվազել է 2 տոկոսով. 17%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը, 37 տոկոսով նվազել է նաև մակարոնեղենի արտադրությունը:
Հայերը հացակեր ժողովուրդ են, անգամ ճաշելը, ընթրելը, կամ պարզապես ընկերներով հավաքվելը նշանակում է մի կտոր հաց ուտել:
Եթե նվազել է հացի, ալյուրի արտադրությունը, նշանակում է, որ իրոք մեր երկրում խնդիր կա: Անկախության շրջանում մարդկանց խոհանոցում ավելացավ հացի օգտագործումը, քանի որ այն համարվում էր միակ և մատչելի սնունդը: Գուցե այլ երկրների համար 2 տոկոսը չնչին թիվ է, և որևէ արժեք չունի, սակայն հայերի համար ցորենից պատրաստված սննդի արտադրության ծավալների նվազումը խոսում է ժողովրդագրական լուրջ խնդրի մասին:
Վերջին 25 տարիներին Հայաստանից դուրս է եկել մոտ 1 մլն մարդ, միաժամանակ տեղի է ունեցել հակառակը, 1 մլն արտագաղթողները հնարավորություն տվեցին մեծացնել ոմանց ստամոքսները և տեղ բացել պարարտ որկորի համար: