Կլիչկոն հայտնել է Կիևում հնչող պայթյունների մասին․ մի շարք այլ քաղաքներում ևս պայթյուններ են որոտացել
Կիևում պայթյուններ են որոտացել, հակաօդային պաշտպանության համակարգը գործում է: Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Պայթյուններ Կիևում․․․ Մնացե՛ք ապաստարաններում»,- գրել է նա տելեգրամյան իր ալիքում։
Ավելի ուշ Կլիչկոն հայտնել է նոր պայթյունների մասին և նշել, որ քաղաքում «օդային պաշտպանությունը ինտենսիվ աշխատում է»։
Կլիչկոն տեղեկացրել է նաև, որ Կիևի Պոդոլսկի շրջանում այրվում են պահեստներ։ «Բոլոր ծառայությունները տեղում են»,- նշել է քաղաքապետը՝ մանրամասներ չհայտնելով։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը տելեգրամյան իր ալիքում հայտարարել է քաղաքում պայթյունների «երրորդ ալիքի» մասին։ Վերջին անգամ «Հանրային լրատվական» հրապարակումը հայտնել էր, որ Խարկովում առնվազն ութ պայթյուն է լսվել։
Ներկայումս ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Պայթյունների մասին հաղորդագրություններ են ստացվել Դնեպրում (նախկինում՝ Դնեպրոպետրովսկ), Օդեսայում, Պոլտավայում և Խմելնիցկի շրջաններում, ինչպես նաև Կիևի վերահսկողության տակ գտնվող Զապորոժյե քաղաքում։