ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Քենեդի կրտսերի ուղերձը
ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրությանը, որ քայլեր ձեռնարկի և ապահովի Արցախի հայերի անվտանգ վերադարձը հայրենիք, ինչպես նաև պաշտպանի նրանց ինքնորոշման իրավունքը: Այս մասին X սոցցանցում հրապարակված իր տեսաուղերձում հայտարարել է Ռոբերտ Քենեդի կրտսերը, որն իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը, սկսած 2020 թվականից, անխնա էթնիկ զտումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Քաղաքական գործիչը նշել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակողական գործողություն ձեռնարկեց և 120 հազար հայ՝ ամբողջ բնակչությունը, տեղահանվեց:
«Մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Գազայի և Իսրայելի վրա, ոչ ոք ոչինչ չի լսում «հայկական հնագույն տարածքներից մեկի ողջ բնակչության զանգվածային արտաքսման» մասին», -դժգոհել է Քենեդի կրտսերը և հավելել,-«Սա այն իրավիճակն է, երբ խաղաղ պատժամիջոցները կարող էին աշխատել։ ԱՄՆ-ն դեռևս լծակներ ունի այս տարածաշրջանում և կարող է այդ ուժն օգտագործել այս տարածաշրջանում բոլոր ժողովուրդներին մոբիլիզացնելու համար՝ այս մարդասիրական ողբերգությունը հաղթահարելու նպատակով: Մենք նաև պետք է ուղիներ փնտրենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և պետք է մուտք ունենա հարևան երկրների նավահանգիստներ»։
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կաջակցի Հայաստանի Հանրապետության և Արցախի վերականգնմանը:
To help avert yet another war and uphold the principles of freedom and democracy, the U.S. government needs to mobilize regional support for Armenians’ right to self-defense and self-determination and advocate for the safe return of Artsakh Armenians to their historic homeland. pic.twitter.com/wwfUq0dqGc
— Robert F. Kennedy Jr (@RobertKennedyJr) December 29, 2023