ԵՊՀ ռեկտորը որոշել է 150 մլն ծախսել մի քանի տարի առաջ նորոգված զուգարանների «ռեմոնտի» վրա
Երևանի պետական համալսարանի իմքայլական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է 150 մլն դրամ ծախսել բուհի զուգարանների վերանորոգման վրա, գրում է 24news.am-ը:
ՀՀ ֆինանսների նախարարության gnumner.am կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, պատրաստվում են նորոգել թվով 30 սանհանգույցներ, աշխատանքն իրականացնելու համար մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություններ՝ «Պագես» ՍՊԸ-ն և «Էտալոն Գրուպ» ՍՊԸ-ն։
Շահել է առաջինը՝ առաջարկելով նորոգությունն իրականացնելու համար 150. 846. 492 ՀՀ դրամի ծառայություններ։
Հետաքրքիր է, որ ըստ 24News-ի տեղեկությունների սանհանգույցները, որոնք գտնվում են ԵՊՀ Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկայի, Կեսաբանության և Քիմիայի ֆակուլտետներում, նորոգվել են ընդամենը մի քանի տարի առաջ ու ունեն բավական պատշաճ տեսք։
«Թե ինչն է ստիպել Հովհաննիսյանին աճապարանոք՝ այն էլ ձմռանը՝ դասապրոցեսի ու քննաշրջանի ժամանակ, նորոգել այս սանհանգույցները, դժվար է ասել, սակայն մեզ հետ զրույցում ԵՊՀ աշխատակիցները բողոքեցին, որ նմանատիպ աշխատանքներն արվում են ամռան արձակուրդային ամիսներին, հիմա մարդիկ իրենց կարիքները հոգալու համար գնում են այլ ֆակուլտետների սանհանգույցներ»,- գրել է կայքը: