Կարող ենք սպասել ևս 1, 10, 20 տարի, բայց ևս մեկ տարի կորցնե՞նք դրա վրա. Ավինյանը՝ «կարմիր գծերի» թանկացման մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այսօր ավագանու նիստի ընթացքում անդրադառնալով քաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիների գների վճարի բարձրացմանը, նկատեց՝ սա դժվար հարց է, բայց՝ անհրաժեշտ լուծում։
Նրա խոսքով՝ այս որոշման համար իրենք կրում են քաղաքական պատասխանատվությունը և «բեռը»։
«Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց գնալ համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնել, շատ ավելի դժվար է։ Սակագների բարձրացումն ինքնին հեշտ է, բայց պետք է հասկանալ, որ դա ընդհանուր համակարգի մի մասն է, իսկ դա ենթադրում է տրանսպորտային համակարգի կատարելագործում, ուղեվարձի միասնական տոմսային համակարգի ներդրում, ավտոկայանատեղերի կառուցում և այլն»,- ասաց նա։
Քաղաքապետը ընդգծեց, որ այս հարցի համար կարելի է սպասել 1-10 տարի, 20 տարի, բայց համայնքը համակարգային լուծումների է գնում, և դրա համար չեն ցանկանում կորցնել ևս մեկ տարի։ Միևնույն ժամանակ նախատեսվում է առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կառուցել:
Դիտարկմանը, որ քաղաքը բեռնաթափելուց առաջ պետք է այն հարմարավետ դարձնել քաղաքացիների համար, Ավինյանն ասաց՝ քաղաքը պետք է հարմարավետ դարձնել մարդկանց համար, ոչ թե մեքենաների։ Ըստ նրա՝ չնայած այս նախագիծը շատ է քննադատվել, բայց վստահաբար այն արդյունք կտա: