Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում կալանավորված՝ Արցախի նախկին ղեկավարներին են հանձնել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները
Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Թուրալ Հուսեյնովը, փոխնախագահ Էլչին Շիրինովը և իրավաբանական վարչության պետ Ռովշան Մամեդովն այցելել են Պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում ապօրինի կերպով պահվող՝ Արցախի նախկին առաջնորդներ Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին։ Այս մասին Report-ին հայտնել է կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը։
Նրա խոսքով՝ այցի նպատակն է ստուգել պահման պայմանները, կալանավորների հետ վարվելու կանոնները և այլն։
«Հանդիպման ընթացքում կալանավորները գոհունակություն են հայտնել պահման պայմաններից, հայտնել են, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցի համար, ապահովված են անհրաժեշտ գրքերով, հասանելի են հեռուստացույց և էլեկտրոնային գրքեր, նաև կարող են օգտվել մարզասրահից։ Ձերբակալվածների նկատմամբ խտրականություն չկա. Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այդ անձանց են հանձնել Հայաստանից իրենց հարազատների կողմից ուղարկված ծանրոցները»,- ասել է Շիրինովը։