Նորատուսի դեպքերին հստակ գնահատական տալու համար կարիք ունենք ստանալու տեղեկատվություն պետական մարմիններից․ ՄԻՊ
Նորատուսում երեկ տեղի ունեցած միջադեպի հարցի հետ կապված` ՄԻՊ-ն արդեն ուսումնասիրություն է սկսել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ հավելելով, որ իր հանձնարարականով ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված անձանց և լսել նրանց մտահոգությունները։
Անահիտ Մանասյանը վստահեցրեց նաև, որ այս պահին, այդ մարդկանց առաջ քաշած հարցերն ուսումնասիրվում են։
«Բնական է, որ բոլոր ոլորտներում էլ պետությունը հստակ պարտավորություններ ունի և կարևոր է հասկանալ, թե դրանց որ մասն է կատարվել և որը՝ չի կատարվում և երաշխավորել դրանց կատարումը։ Բայց դրա հետ կապված ուսումնասիրում ենք մյուս կտորը՝ իրավապահ մարմինների հետ կապված գործողությունները։ Ամբողջական ուսումնասիրությունից հետո հանդես ենք գալու հստակ առաջարկներով, և եթե կարիք լինի՝ տարբեր պետական մարմինների հետ կապված հստակ գնահատականներով»,- ասաց նա։
Լրագրողի այն դիտարկմանը, թե պարզաբանվե՞լ է՝ ինչու են բերետավորները մտել գյուղ և միանգամից ձերբակալել գյուղացիներին, Մանասյանը նշեց, թե դրա հետ կապված միայն քաղաքացիներին են լսել։
«Մենք ընդամենը բանավոր հաղորդակցություն ենք իրականացրել պետական մարմինների հետ, բայց հստակ գնահատական տալու համար կարիք ունենք ստանալու տեղեկատվություն պետական մարմիններից։ Գրավոր ոչ մի տեղեկություն չենք ստացել»,- ասաց Պաշտպանը։