Պաղեստինը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժումը չի վերանա
Վիեննայում Պաղեստինի դեսպան Սալահ Աբդել Շաֆիի խոսքով` ՀԱՄԱՍ շարժումը չի վերանա, եթե նույնիսկ ռազմական պարտություն կրի։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Սալահ Աբդել Շաֆին նշել է, որ ՀԱՄԱՍ-ը կարող է դադարեցնել գոյությունը որպես ռազմական կառույց, սակայն կշարունակի գործել որպես քաղաքական ուժ և մնալու է պաղեստինյան քաղաքական ասպարեզում կարևոր դերակատար։
Նա նաև դժվարացել է պատասխանել Գազայի հատվածի կառավարման գործում ՀԱՄԱՍ-ի հետագա դերի մասին հարցին՝ նշելով, որ հայտնի չէ, թե որքան թուլացած է շարժումը և արդյոք այն ընդունակ է ռազմական ճանապարհով շարունակել դիմադրությունը։
Այնուամենայնիվ, դիվանագետն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը ոչ միայն կառույց է, այլև գաղափարախոսություն, որն ունի հետևորդներ ամբողջ աշխարհում, ուստի կարող է պահպանել իր քաղաքական ազդեցությունը նույնիսկ ռազմական ոլորտում պարտությունից հետո։ Ի վերջո, նա կարծում է, որ ՀԱՄԱՍ-ը կմնա Պաղեստինի քաղաքական ուժերից մեկը, և հույս ունի, որ պատերազմից հետո կստեղծվի այնպիսի համակարգ, որը թույլ կտա ընտրություններ անցկացնել, որպեսզի ժողովուրդը կարողանա արտահայտել իր կամքը: