2019 թ.-ից շարունակաբար ավելացնում ենք գիտության ֆինանսավորումը․ 2023 թ.-ին, ֆինանսավորումն ավելացել է 151 տոկոսով․ Փաշինյան
Ոզում եմ ընդգծել և խոստովանել, որ մենք այս հարցում, երբեմն, ծայրահեղությունից ծայրահեղություն ենք հասնում: Այս մասին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատեց, որ լուսաբանումների մեջ չպետք է չափազանցությունների մեջ չընկնել՝ ոչ պոզիտիվ, ոչ նեգատիվ առումով:
«Երբ պոզիտիվ առումով չափազանցությունների մեջ ենք ընկնում, մի շարք գիտնականներ իրենց թերագնահատված են զգում՝ մտածելով, որ մեր կենտրոնացումն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի, իսկ ահա, երբ բավարար ուշադրություն չենք դարձնում՝ պարզվում է, որ կան բազմաթիվ գիտնականներ, որոնց մեր հանրությունը պետք է ճանաչի՝ իմանալով, թե ինչ ժամանակակից և շրջադարձային նվաճումների հետ գործ ունեն մեր գիտնակաները»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ մեր երկրի գիտական պոտենցիալն ամենևին սպառված չէ: Ընդհակառակը, նրա խոսքով, շատ մեծ կուտակված գիտական պոտենցիալ կա, և իսկական ժամանակն է, թեև ուշացած, բայց Հայաստանի կառավարությունը լուրջ ներդրումներ պետք է անի գիտության ոլորտում:
«Նաև այս գործոնն է դերակատարում ունեցել, որ մենք 2019 թ.-ից շարունակաբար ավելացնում ենք գիտության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում: 2023 թ.-ին, օրինակ՝ 2018 թ. համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 151 տոկոսով, շուրջ 2,5 անգամ: 2024 թ.-ին արդեն գիտության ֆինանսավորումն ընդունված բյուջեով կավելանա 181 տոկոսով»,- ասաց նա: