2024 թվականին Ուկրաինան պատրաստվում է ավելի քան 1 միլիոն անօդաչու սարք արտադրել
2024 թվականին Կիևը նախատեսում է արտադրել ավելի քան մեկ միլիոն FPV հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքեր և ավելի քան 11 հազար միջին և մեծ հեռահարության հարձակողական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտարարել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը։
«Բոլոր արտադրական օբյեկտները պատրաստ են, սկսվում է 2024 թվականի պայմանագրի կնքումը»,- գրել է նախարարը։
Նրա խոսքով` բացի FPV անօդաչու թռչող սարքերից, Ուկրաինան կարող է հաջորդ տարի արտադրել ավելի քան 10 հազար հարվածային անօդաչու թռչող սարք՝ մի քանի հարյուր կիլոմետր թռիչքի հեռահարությամբ, և հազարից ավելի անօդաչու թռչող սարք՝ ավելի քան 1000 կմ հեռահարությամբ։
Կամիշինը նշել է, որ ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրն արդեն ունակ է ամսական մինչև 50 հազար անօդաչու թռչող սարք արտադրել։