ՌԴ-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն ավելի մեծ վնաս կհասցնեն Եվրամիությանը. Զախարովա
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը, ինչպես և բոլոր նախորդները, ավելի մեծ վնաս կհասցնի Եվրամիությանը։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ․
«Մանիպուլյացիաների միջոցով սեղանի շուրջ պետությունների և կառավարությունների այս կամ այն ղեկավարների բացակայության պայմաններում ընդունվում են իրավական տեսանկյունից կասկածելի և ակնհայտորեն քաղաքականացված որոշումներ. Ռուսաստանի դեմ միակողմանի սահմանափակող միջոցների հերթական սանկցիայի մասին որոշումը, ինչպես և բոլոր նախորդները, ավելի մեծ վնաս կհասցնի Եվրամիությանը»,- նշել է նա։
Զախարովայի խոսքով՝ ԵՄ-ի առճակատման քաղաքականության, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ որոշումների հետևանքների բարձր գինը ստիպված կլինի վճարել եվրոպական երկրների բնակչությունը։
ՌԴ ԱԳՆ խոսնակի կարծիքով՝ ԵՄ-ն շարունակում է սրընթաց կորցնել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կշիռն աշխարհում․ «Ամենապատասխանատու քաղաքական գործիչներն ավելի հաճախ են առաջնային համարում ազգային շահերը, այլ ոչ թե իրական կարիքներից կտրված եվրոպական համերաշխությունը»: