ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային F-16-ների վաճառքին․ Սպիտակ տուն
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հերթական անգամ հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։ Այս մասին հաղորդում է APA-ն։
Քիրբին գնահատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։
Հիշեցնելով, որ երկու առաջնորդների բանակցություններում քննարկվել են Գազայի հատվածում վերջին իրավիճակը, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան հարցը և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը, Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիայի F-16-ի արդիականացման ծրագրին։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, ով զեկուցել է Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի մասին, ասել է, որ երկու ղեկավարների հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ։