Երևանի առաջարկն անընդունելի է` Բաքուն զnրքերը հետ չի քաշի սահմանից, 30 տարի անց ադրբեջանական բանակը նահատակների կյանքի գնով վերականգնեց իր սահմանները. Բայրամով
Ադրբեջանական կողմը շուտով կներկայացնի իր դիրքորոշումը Հայաստանի կողմից նոյեմբերի վերջին առաջարկված խաղաղության համաձայնագրի պայմանների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում։
«Առաջարկությունների փաթեթը, որը մենք ստացել ենք Հայաստանից, տարբերվում է նախորդից։ Առաջարկների նոր փաթեթն ավելի լավատեսական է»,- ասել է նա:
Բայրամովի խոսքով` նման գործողություններով քայլ առ քայլ հնարավոր է առաջ տանել մի խնդիր, որն ունի բացասական անցյալ. «Եթե Հայաստանը դրսևորի ոչ թե իր ցանկությունները, այլ հարգանքը միջազգային իրավունքի նկատմամբ, կարելի է դրական արդյունքի հասնել»։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է նաև տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին. «Եթե հայկական կողմը նման քայլեր ձեռնարկի, ապա դրական արդյունքների հասնելն իրական է թվում»,- ասել է Բայրամովը։
Բայրամովն արձագանքել է նաև երկու երկրների զորքերը սահմանից դուրս բերելու Երևանի առաջարկին:
«Եթե զորքերը դուրս բերվեն չսահմանազատված սահմանից, ո՞վ է երաշխավորելու, որ այնտեղ ոչինչ չի լինելու։ Այս առաջարկն անընդունելի է ադրբեջանական կողմի համար։ Ադրբեջանի բանակն այսօր պաշտպանում է իր սահմանները: Համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ սահմանից զորքերի դուրսբերման վերաբերյալ. 30 տարի անց ադրբեջանական բանակը նահատակների կյանքի գնով վերականգնեց իր սահմանները։ Ադրբեջանի սահմանները կարող են հսկել միայն ադրբեջանցի զինվորները»։