Զորքերի հետքաշումն դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիաները․ Արարատ Միրզոյան
Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, հանդիպումների գործընթաց։ ԱԳՆ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա կարծիքով` «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցային գործընթացի մեծ մասն արդեն արվել է։
«Ըստ էության, մեծ մասն արդեն արված է, մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ «խաղաղության պայմանագրի» շուրջ վերջնական ձևակերպումների համար»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց,որ քննարկվել է նաև հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը։
«Զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիաները։ Չեմ ուզում ասել, որ գնում ենք համաձայնության, սա գաղափար է, որը քննարկվում է, նաև այլ գաղափարներ կան, որոնք քննարկվում են, բայց կարող եմ հույս հայտնել, որ այսպիսի փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու հարաբերությունների կարգավորման վրա»,-ասաց նախարարը։