Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ պարտավորությունից․ ՔՊ-ական պատգամավորը՝ գերիների փոխանակման մասին
Թեև ադրբեջանական կայքերն արդեն հայտնում են, որ այսօր Ղազախի և Իջևանի սահմանին տեղի կունենա գերիների փոխանակում, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խուսափում է հստակ օր ու ժամ ասելուց։
«Ես չէի ուզենա որևէ հստակ օր նշել։ Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ պարտավորությունից, ի վերջո, դա գրավոր ստանձնած պարտավորություն է»,- ասաց նա ԱԺ ճեպազրույցի ժամանակ։
Նա ենթադրում է, որ կան որոշակի կազմակերպչական հարցեր, բայց չի ցանկանում մանրամասներ հայտնել՝ հաշվի առնելով գերիների ու նրանց հարազատների հուզականությունը։
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ խնդրեց խուսափել գերիների մասին անձնական հրապարակումներից, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն հատել սահմանն ու չեն գտնվում հայրենիքում։
«Մենք շատ զգայուն հարցի հետ գործ ունենք և հնարավոր է այդ հրապարկումներն ազդեն պայմանվորվածության վրա»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ամեն մի հրապարակում նաև կարող է հուզական դաշտ ստեղծել գերիների հարազատների համար։