Զբոսաշրջային այցերի այս աննախադեպ ակտիվությունը պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական զարգացումներով, այնպես էլ Հայաստանի ակտիվ աշխատանքով
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, որը երկրի համար բացարձակ ռեկորդ է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 42 տոկոս աճ է գրանցվել։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստան եկածների կեսից ավելին Ռուսաստանից է, որին հաջորդում է Վրաստանը, այնուհետև Իրանն ու ԱՄՆ-ն։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նա նշեց, որ զբոսաշրջային այցերի այս աննախադեպ ակտիվությունը պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական զարգացումներով, ռուս-ուկրաինական խնդրով, այնպես էլ Հայաստանի ակտիվ աշխատանքով։
«Սա շատ կարևոր արդյունք է, որովհետև կորոնավիրուսի ու պատերազմի ուղղակի ազդեցությունը հենց կրել է զբոսաշրջության ոլորտը և այժմ տեսնում ենք ակտիվություն։ Ամեն ինչ արվել է, որ Հայաստանը պատշաճ ներկայացվի ու կարողանում ենք մեր դիրքերը պահպանել համաշխարհային շուկայում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։