Երբ ասի 25՝ նկատի ունեի 24 տարեկան․ բա նրա՞նց հետ ինչ է լինելու, սպասելու են մի ուրիշ Հայկ Սարգսյան գա ու իրենց համար մի ուրիշ օրենք ընդունի՞․ Հովիկ Աղազարյան
«Այս նախագծի միտքը հասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում, բայց վատ վարքագիծ է դաստիարակելու մեզ մոտ»։ ԱԺ-ում իր տեսակետը հայտնեց ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։
Նա հարց ուղղեց, թե՝ համաներման դեպքում, այն բարի նպատակները, որ դրված են նախագծի մեջ, որքանո՞վ կիրականան և ինչ է լինելու 25 տարեկանների հետ։
Նախագիծը ներկայացնող Հայկ Սարգսյանը նկատեց, որ մտավախություն չկա, թե՝ 18 տարեկան երիտասարդները կարող են լքել երկիրը, որպեսզի հետագայում, երբ արդեն կդառնան 25 տարեկան, վերադառնան ու գումարի դիմաց ազատվեն։
«Օրենքը կանդրադառնա միայն նրանց վրա, ովքեր օրենքն ընդունելու պահին կլինեն 25 տարեկան»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Հովիկ Աղազարյանը բորբոքվեց․ «Երբ ես ասացի 25 տարեկան՝ նկատի ունեի 24 տարեկան։ Բա նրա՞նց հետ ինչ է լինելու։ Սպասելու են, ու ուրիշ ԱԺ գա, մի ուրիշ Հայկ Սարգսյան ու նրանց համար էլ առանձին օրենք ընդունե՞ն»,- ասաց նա՝ նեղսրտած։
Հայկ Սարգսյանը չզիջեց․
«Չեմ հասկանում, պարոն Աղազարյան, Դուք ի՞նչ եք ուզում․ ավելի լավ է գան 5 տարի դատվեն՝ ոչ ծառայեն ու ոչ էլ գումար վճարե՞ն»,- հարցրեց նա՝ հավելելով, որ չեն կարողանում ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերել և դատապարտել։
Այս պարագայում, Հայկ Սարգսյանը նպատակահարմար է գտնում իր առաջարկած տարբերակը։