Հռոմի ստատուտն օգտագործվելո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ․ ՔՊ-ական պատգամավորը պարզաբանեց
Ոչ մի նման քայլ ինքնանպատակ լինել չի կարող։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հռոմի ստատուտն օգտագործվելո՞ւ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ Հայաստանի սուվերեն տարածքներն օկուպացնելու համար։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք մենք ընդունել այդ ստատուտը: Ես չեմ կարծում, որ մենք այդ ստատուտը ընդունել ենք կոնկրետ անձի դեմ: Ես կարծում եմ, որ Հռոմի ստատուտի ընդունելը բարձրացրել է որոշակիորեն ՀՀ-ի անվտանգության երաշխավորությունը, բայց ես ուզում եմ ձեզ ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ՀՀ-ն այժմ գտնվում է խաղաղության պայմանագրի մասով խոր, և իմ գնահատմամբ, շատ արդյունավետ բանակցությունների մեջ, և ես ձեզ խնդրում եմ՝ մեր գնահատականներում լինենք այնպիսին, որ միմիայն մոտեցնենք խաղաղության պայմանագրի կնքումը»,-բասաց պատգամավորը:
Նրա խոսքով` Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի դեմ եղել են քայլեր, և Հայաստանը կարիք ունի իր անվտանգային միջավայրը բարելավելու։ Ուստի, իշխանական մեծամասնությունը ներկայացնող խմբակցության պատգամավորն առաջարկեց, որ ոչ միայն այդ ստատուտը, այլև բազմաթիվ քայլեր դիտարկել այդ կոնտեքստում: