Չեմ կարծում, որ նախապայման է եղել․ ՔՊ-ական պատգամավորը՝ գերիների վերադարձի մասին
Մեր օրակարգում այսօր խաղաղության պայմանագիրն է և խաղաղության պայմանագրից բխող քայլերի հաջորդականությունը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ արձագանքելով գերիների վերադարձի հետ կապված հարցին։
«Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք բոլոր հարթակները՝ խաղաղության պայմանագիրը և վերջնական հաստատումն անառարկելի իրականություն դարձնելու համար»,-ասաց իշխանական պատգամավորը։
Նա նկատեց, որ ՀՀ-ը երբեք չի կարող աչք փակել հայ քաղաքացիների նկատմամբ կատարված ռազմական հանցագործությունների վրա։ Նրա խոսքով` ՀՀ-ն բոլոր հարթակներում բարձրաձայնում է Արցախում տեղի ունեցած իրավական, անվտանգային ու այլ խախտումների մասին։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ պատգամավորը հորդորեց չընդհանրացնել գերիների վերադարձն այն բանի հետ, որ դրա դիմաց կարող են անտեսվել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները։
«Չեմ կարծում, որ նախապայման է եղել։ Սա երկուստեք պայմանավորվածության արդյունք է և ես ինքս էլ ողջունում եմ այդ քայլը։ Երկու երկրների մոտ փոխըմբռնում կա, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Սա ամենամեծ ձեռքբերումներից է, որ ունեցել ենք վերջին շրջանում»,-ասաց պատգամավորը։
Նկատենք, որ լրագրողները պատգամավորից մասնավորպես հետաքրքրվեցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված նախապայմա՞ն է եղել, որպեսզի գերիների վերադարձի դիմաց ՀՀ-ն աջակցություն հայտնի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանի իր թեկնածությունը։