Դուք միտումնավոր չեք խոսում այդ մասին. Բորդյուժան հանդիմանեց հայ լրագրողներին
Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն հասցեական արձագանքներ չի անում հայ-ադրբեջանական սահմաններում իրավիճակի լարվածության, Հայաստանի սահմանային բնակավայրերի ռմբակոծության առիթով: Այս հարցն այսօր «Սպուտնիկ» մամուլի ակումբում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ հայ լրագրողներից մեկը տվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին` ՀԱՊԿ-ի լռությունն արդյո՞ք կասկածի տակ չի դնում այդ կառույցի նշանակությունը եւ վարկանիշը: Երեւանյան տաղավարից հնչած հարցը դուր չեկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Այնուամենայնիվ, պաստախանելով հարցին, Բորդյուժան նշել է, որ երբ վերջին անգամ Երեւանում էր, Հայաստանի անվտանգության խորհրդին է փոխանցել այն հայտարարությունների փաթեթը, որոնք արվել են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների եւ այլ պատկան պաշտոնյաների կոմից, որոնք վերաբերում են Կովկասում տիրող իրավիճակին:
Նա զարմացած էր, որ հայ լրագրողները նման հարցեր են հնչեցնում և հորդորեց անպայման ծանոթանալ ՀԱՊԿ ամենամյա ամփոփիչ փաստաթղթերին, նախարարների հայտարարություններին, որոնցում անպայմանորեն անդրադարձ կա Կովկասում տիրող իրավիճակին:
«Դուք կամ չեք հետաքրքրվում դրանով կամ միտումնավոր չեք խոսում այդ մասին»,- հայ լրագրողներին նախատեց Բորդյուժան: