Իրանի նախագահը Մոսկվայում է
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին X ցանցի իր էջում գրել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Ըստ Tasnim գործակալության՝ Ռուսաստան մեկնելուց առաջ Ռաիսին ասել է, որ ՌԴ նախագահի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկումների թվում կլինեն Գազայի հատվածի ռմբակոծումը դադարեցնելու, շրջափակումը վերացնելու և Պաղեստինի ժողովրդին օգնություն տրամադրելու հրատապ ջանքերը, ինչպես նաև պաղեստինցիների իրավունքների հարգումը։
Ռաիսիի և Պուտինի միջև բանակցությունները տեղի կունենան ինչպես պատվիրակությունների ներկայությամբ, այնպես էլ առերես՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահին այցի ընթացքում ուղեկցում է նավթի նախարարը և Ռուսաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ջավադ Օուջին։