Իրանը հերքում է Կարմիր ծովում նավերի վրա հարձակումներին մասնակցության մեղադրանքները
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին երեքշաբթի օրը հերքել է արևմտյան երկրների, մասնավորապես Վաշինգտոնի և Լոնդոնի հայտարարությունները Կարմիր ծովում առևտրային նավերի վրա Եմենի Անսար Ալլահ շարժման (հութիների) հարձակումներին Թեհրանի ենթադրյալ մասնակցության մասին։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Այդ հայտարարությունները հետապնդում են կոնկրետ քաղաքական նպատակներ և ցույց են տալիս բրիտանական իշխանությունների ջանքերը՝ փոխելու տարածաշրջանի իրողությունները, ինչպես նաև ցույց են տալիս, որ դրանց վրա ազդում են երրորդ կողմերի, այդ թվում՝ Իսրայելի նախապատվությունները», - ասել է Քանանին, ում խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ տելեգրամյան ալիքում:
Նա նշել է, որ Մերձավոր Արևելքում դիմադրության խմբերի հարձակումները, ինչպիսիք են հութիների կողմնակիցները, որևէ հրահանգ չեն ստանում Իրանից կամ չեն ենթարկվում դրան։