Իրանի նախագահը կայցելի Մոսկվա
Իրանական պատվիրակությունը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի գլխավորությամբ դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։
Կողմերը նախատեսում են քննարկել տնտեսական ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, մասնավորապես՝ պաղեստինյան հիմնահարցը և Գազայի հատվածում վերջին իրադարձությունները։ Պատվիրակության կազմը, որը կուղեկցի Ռաիսիին, դեռ չի բացահայտվում։
Վերջին անգամ Ռուսաստանի և Իրանի նախագահները բանակցություններ են անցկացրել հոկտեմբերի 16-ին. հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այն ժամանակ Ռաիսին ասել էր, որ Իսրայելի կողմից Գազայում կատարվող հանցագործությունները պետք է դադարեցվեն և զգուշացրել, որ ներկայիս հակամարտությունը կարող է վերածվել լայնածավալ ռազմական առճակատման:
Իր հերթին, Ռուսաստանի ղեկավարը լուրջ մտահոգություն է հայտնել հակամարտության` տարածաշրջանային պատերազմի վերածվելու հավանականության վերաբերյալ և նշել, որ Մոսկվան պատրաստ է աշխատել կառուցողական մտածողությամբ բոլոր կողմերի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության շուտափույթ լուծման համար։