«ՀայաՔվե»-ի նախագիծը չընդունելով՝ ձեզ փրկում ենք․ Պուտինին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի հասկանում, թե որտեղից է այն խոսույթը, որ ՔՊ-ականները չեն օգտագործում Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը:
«Չգիտեմ՝ դրա օրինակը որտեղից եք վերցրել, մեր պաշտոնյաները՝ բոլորն էլ օգտագործում են։ Այդ դրվագը վերցնել և տարածել՝ ծիծաղեցինք անցավ գնաց», - ԱԺ-ում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ «ՀայաՔվե»-ի նախագծի քննարկմանը։
Ինչ վերաբերում է հենց «ՀայաՔվե»-ի նախագծին, ապա Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե՝ իշխանությունն այն չընդունելով՝ փրկեց ընդդիմությանը:
«Մենք ձեզ փրկեցինք, պարոն Մինասյան (դիմեց Արծվիկ Մինասյանին-խմբ․), օգնում ենք, որովհետև դուք ձեր նախաձեռնության, կարելի է ասել, պատանդն եք այս պահին դրությամբ և դեմքը պահելու համար ցույց եք տալիս, որ դա ամենակարևոր բանն է: Ուզում եմ հարց տալ` եթե ձեր ընկալմամբ այն ընդունվեր` ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար»,- նշեց ԱԺ նախագահը:
Ստանալով Արծվիկ Մինասյանի արձագանքը՝ Ալեն Սիմոնյանը շարունակեց․ «Եղավ, կարող ենք ֆիքսել` «Հայաստան» դաշինքի քարտուղարը հայտարարում է, որ այս օրենքն ընդունելու պարագայում ՌԴ նախագահի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվեր»։
Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե` իշխանություը կառչած է աթոռներին՝ ԱԺ նախագահը փորձեց վստահեցնել, որ դա այդպես չէ։
«ՔՊ-ն կառչած չէ աթոռից»,- ասաց նա: