«Ադրբեջանը ծրագրում է վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները»․ հայտարարություն
««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությանը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության տարածած հայտարարության մեջ նշված է. «Հայտնի է, որ ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ալեքսանդրա Խանթաքին Ադրբեջանին ուղղված հաղորդագրության մեջ մտահոգություն է հայտնել «հայկական պատմական, մշակութային և կրոնական նշանակալի վայրերի և օբյեկտների ոչնչացման և յուրացման շարունակական գործունեության, հայերի ներկայության հետքերը ջնջելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պատմության կազմակերպված վերաիմաստավորման, ինչպես նաև տարածաշրջանում հայերի նկատմամբ խտրականության և մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային չափանիշների խախտմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ»։
Այս հաղորդագրությունը մի շարք կարևորագույն շեշտեր է պարունակում։ Նախ՝ դրանում հստակորեն արձանագրված է այն հայատյաց ռասիստական քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ տիրապետում է Ադրբեջանում և արտահայտվում է հայկական մշակույթի նկատմամբ բարբարոսությամբ։ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կարճ և հստակ ձևակերպել է Ադրբեջանի հեռահար նպատակադրումը․ «Հենց որ տարածաշրջանը մաքրվի էթնիկ հայերից, կհաստատվի, որ Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները», իսկ այս պահին հայաթափված Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայությունն ապահովում են հայկական նյութական մշակույթի բազմադարյա հուշարձանները, որոնք արդեն իսկ ադրբեջանական ջարդարար թիրախի տակ են։