Գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը հետաձգվեց
Այսօր Ադրբեջանի ծանր հանցագործությունների քրեական դատարանում կայացել է Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը։ Նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 11-ը։ Դատարանում ճշտել են նրա ինքնությունը, որոշ փաստաթղթեր։ Ոսկանյանին ադրբեջանական կողմը կեղծ մեղադրանքներ է ներկայացրել «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու», «ահաբեկչության», «մաքսանենգության», «ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հարուցելու» համար:
Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։
Գերեվարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: