2,5 մլն դրամ վճարելով՝ կարող ես ազատվել բանակից. Հայկ Սարգսյան
27 տարին լրանալուց հետո մինչև 37 տարեկան բանակում չծառայած արական սեռի քաղաքացիները պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Այս մասին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց նախագծի հեղինակ, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ դեռ 2004թ.-ից եղել է բանակում ծառայությունից խուսափելու, պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն։
«Հնարավորություն էր տալիս բանակից խուսափած քաղաքացիների համար պետբյուջե վճարել 100 000 դրամ, հետագայում 200 000 դրամ, ազատվել քրեական պատասխանատվությունից»,- ասաց նա և նշեց, որ 2000-ականների վերջում 10 000 քաղաքացի օգտվել է այս օրենքից և ազատվել 14 տարիների ընթացքում բանակում ծառայելուց։
Ըստ նրա՝ 2019-ից հետո օրենքի կարգավորում չի եղել։
«Մինչ 2021թ.-ը քաղաքացիները չունեին հնարավորություն ո՛չ ծառայելու և ո՛չ գումար վճարելու միջոցով ազատվել պատասխանատվությունից և 2021-ին ընդունվել է համաներման մասին օրենք, որից 1 360 քաղաքացի օգտվել է և վերադարձել հայրենիք»,- ասաց նա։
Հայկ Սարգսյանը նշեց, որ նրանք որևէ օր չեն ծառայել և քրեական պատասխանատվությունից ազատվել են, ինչն անհավասարության նշան է դրել նրանց և բանակում ծառայածների միջև։ Նրա խոսքով` այլևս չի կարելի անել համաներում։