Ղազինյանը` Արփինե Հովհաննիսյանի բացակայության մասին
Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց մի հրամանագիր, որը հաստատեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի կազմը:
Խորհրդակցական կազմում ընդգրկված անդամների ցուցակում չկա պատասխանատու կողմը` ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Թե ինչու է նրա անունը բացակայում ցուցակից, newspress.am-ը փորձեց պարզել «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Գագիկ Ղազինյանից, ով ի դեպ, ևս ընգրկված է կազմում:
Վերջինս խնդրեց չանձնավորել հարցը:
«Արդարադատության նախարարությունը ճնշող մեծամասնության իրավական ակտերով պատասխանատու է որպես կատարող, որպես այդ ակտերը պատրաստելու, փոփոխելու գործի կազմակերպիչ. նախարարը ինչպես կարող է լինել մի հատ էլ սրա կազմում, այս հանձնաժողովը բոլորովին ուրիշ բնույթ ունի: Էստեղ որևէ անձնական, անձով պայմանավորված ենթատեքստ չկա»:
Ղազինյանի խոսքով` Արդարադատության նախարարությունը կատարող է, և հանձնաժողով էլ ընդգրկված որևէ մեկը չունի այն լիազորությունը, որն արտոնված է Արդարադատության նախարարությանը:
«Այսինքն, մեկը պետք է խորհրդատու լինի, մյուսը` կատարող: Հո չի կարող ինքն իրեն խորհուրդ տալ: Արդարադատության նախարարությունը իրականացնող է, իսկ խորհրդակցական կազմում ընդգրկվել են գրեթե բոլոր նրանք, ովքեր սահմանադրական հանձնաժողովի անդամներ են: Այսինքն հեղինակ են այն գաղափարների, որոնք դրվել են արդեն այսօրվա ընդունված սահմանադրության իրավակարգավորումների հիմքում: Եվ նպատակը նա է, որ այդ մեկնաբանությունները չկորեն օրենքների մակարդակով, երբ որ օրենքների նախագիծը պատրաստ կլինի: Սա է և երկաթե, որևէ բան չի խախտվել…»,- ասաց Ղազինյանը: