Հերթական լարվածությունը ԼՂՀ սահմանին
Օրերս Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերն էլ իր ամենամյա զեկույցում նշել էր, որ այս տարի հակամարտության գոտում իրավիճակը կարող է էլ ավելի լարվել: «Բաքվի շարունակական վերազինումը՝ զուգորդված Ադրբեջանի տնտեսական պայմանների վատթարացման հետ, 2016-ին մեծացնում են հակամարտության սրման հավանականությունը: Ադրբեջանի հրապարակային մերժողականությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պահանջներից հրաժարվելու հարցում և Հայաստանի դժկամությունը իր հսկողության տակ գտնվող տարածքները հանձնելու հարցում շարունակելու են բարդացնել խաղաղ կարգավորման հնարավորությունը: Ադրբեջանը Ղարաբաղից հրաժարվելու մտադրություն չունի: Հայաստանն էլ չի ցանկանում տարածքներ զիջել: Այս հանգամանքները դժվարացնում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը»,- արձանագրել էր Քլափերը:
Իսկ նախօրեին ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կողմերին կոչ է արել խուսափել ԼՂՀ հակամարտության լարվածության սրումից: Ադրբեջանական զինուժը, սակայն միայն այս գիշեր 4500 կրակոց է արձակել հայկական կողմի ուղղությամբ: Ալիևի այս գործելաոճը մասնագետներն որակում են ներքին լարվածությունը շեղելու փորձ, քանի որ Ադրբեջանի տնտեսության օրեցօր խորացող կոլապսը պարբերաբար բերում է սոցիալական դժգոհության ալիքի: