Ես հո շպիո՞ն չեմ, որ Ադրբեջանի անվտանգության հետ շփվեմ, ես նախագահի ապարատի հետ եմ կապի մեջ եղել․ Բաբայան (տեսանյութ)
Ինձ ոչ մեկ չի պատվիրակել բանակցելու Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
«Ես հո շպիո՞ն չեմ, որ Ադրբեջանի անվտանգության հետ շփվեմ, ես, այսինքն՝ իմ ներկայացուցիչը, նախագահի ապարատի հետ է շփվել։ Այսինքն՝ փաստաթղթերը փոխանցել է այնտեղ»,- ասաց Սամվել Բաբայանը` մեկնաբանելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությունը, թե Բաբայանն Ադրբեջանի հետ ոչ մի փաստաթուղթ չի քննարկել։
Լրագրողի հարցին, թե՝ որտեղ, ում և ինչպես են փոխանցվել վերահիշյալ փաստաթղթերը՝ Սամվել Բաբայանն արձագանքեց․ «Քեզ տանելու եմ ԿԳԲ-ում աշխատես»։
Դիտարկմանը, թե՝ Բաբայանի հայտարարությունն աղմկահարույց է և մեկնաբանություն է պահանջում, վերջինս արձագանքեց․ «Բայց խի՞ պետք է ասեմ՝ ինչ է փոխանցվել, դու ո՞վ ես, որ պետք է ասեմ քեզ»։