Ինչո՞ւ մեր պետական մարմինները նորմալ չեն աշխատում, որ էդ մարդիկ հասնում են Լարս, էնտեղ են ասում՝ խնդիր կա․ պատգամավորը՝ Քերոբյանին
Լարսի անցակետում Հայաստանի արտահանողները հանդիպում են խնդիրների, որոնք բերում են տնտեսական ու սոցիալական մի շարք խնդիրներ։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա նշեց, որ արտահանման 52 տոկոսը գնում է Ռուսաստան, ու ՌԴ-ն պաշտոնական հաղորդագրությամբ ներկայացրել է, որ խնդիրը վերաբերում է Հայաստանից արտահանման տեխնիկական կամ սանիտարական խախտումների։
«Հիմա եթե էդպես է, բա ինչո՞ւ մեր պետական մարմինները նորմալ չեն աշխատում ու նորմալ չեն վերահսկում, որ գնում, հասնում է սահմանին, այլ երկրի նույն մարմինը նայում է, ասում՝ խնդիր կա։ Այդ մարդիկ, փաստորեն, կրում են էական վնասներ՝ ժամանակի ու ֆինանսի կորուստ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս խնդրի մասին պետք է բարձրաձայնվի, որ բոլորն իմանան։
Պատգամավորը նաև երկրորդ կողմը դիտարկեց․ եթե խնդիրը քաղաքական բնույթ է կրում, ապա դրա մասին ևս պետք է իմանան արտահանողները, քանի որ արտահանվող ապրանքն այնքան մրցունակ չէ դրսում։
«Մարդկանց ասում եք՝ Ռուսաստան մի տար, ենթադրենք` տար Եվրամիություն․ նախ դա ասելու բան չի, որ ասում եք էդ մարդկանց, հետո էլ տնտեսական իմաստով դա հնարավոր չէ»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։
Դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ պատգամավորը հարցադրում արեց, թե ինչո՞ւ արտադրողներին առկա խնդիրների մասին տեղյակ չեն պահում և մարդիկ, ովքեր զբաղվում են այդ գործունեությամբ, չեն իմանում պետական թիվ մեկ պատասխանատուից՝ հենց Քերոբյանից։