Կանխվել է ահաբեկչություն Մոսկվայի երկաթուղային կայարանում. հանցագործը հայտարարել է, որ հատուկ ծառայությունների ինչ-որ աշխատակից խոստացել է իրեն տանել Ուկրաինա
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կանխել են ահաբեկչություն Մոսկվայի երկաթուղային կայարանում՝ ձերբակալելով մի տղամարդու, ով պատրաստվում էր ածխաջրածիններով տանկ պայթեցնել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունը։
Հարուցվել է քրեական գործ ահաբեկչություն կատարելու և պայթուցիկ սարքի ապօրինի արտադրության փորձ կատարելու հոդվածներով։ Կասկածյալը սկզբում պայթուցիկ նյութը վերցրել է Մոսկվայի անտառային պարկերից մեկից, իսկ հետո հասել Հարավ-արևմտյան վարչական շրջանի փողոցներից մեկը, որտեղ թաքստոցից հանել է պայթուցիչը։
Դրանից հետո տղամարդուն բերման են ենթարկել ուժայինները։
Նշվում է, որ նա գործել է «անհայտ հանցակցի» հրահանգով և վարձատրության համար։ Հանցագործը նաև հայտարարել է, որ հատուկ ծառայությունների ինչ-որ աշխատակից խոստացել է իրեն տանել Ուկրաինա: