Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք․ Բագրատյան
Էս մարդը եկել է, բոլորին մեղադրում է՝ թալանել են, կերել են, այո՛, հասկացանք, «ուտել-մուտել» կա, բայց ինքը 5 տարում ծախսել է 28 մլրդ դոլար և ստացել է ընդամենը 4 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ, 24-ն ի՞նչ է եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա պնդեց, որ հաջորդ իշխանությունները, որ գան, հետևելու են՝ ինչ է արել այս մարդը։
«Մարդ կա իշխանության մեջ, որ միլիարդատեր է, օրինակ՝ խաղերի բիզնեսով զբաղված ընկերները, անունները չեմ ուզում տալ»,- ասաց նա։
Բագրատյանի գնահատմամբ, վատ ցուցանիշ է, որ պետական պարտքն անցել է 11 մլրդ դոլարից։
«Իրենք ասում են՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն է իջել, բայց ՀՆԱ-ի կառուցվածքն է վատացել: Պետք է պարտքը հարաբերել ոչ թե ՀՆԱ-ին, այլ ՀՆԱ այն հատվածին, որն արտահանման ունակ է։ Վատ է, շատ վատ»,- ասաց տնտեսագետը։