Ուկրաինայի հետախուզության ղեկավարի կնոջը թունավորել են
Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի կինը՝ Մարիաննան, ծանր մետաղներից թունավորումից հետո բուժվում է հիվանդանոցում, հայտնում է ուկրաինական Babel հրատարակությունը՝ վկայակոչելով իր հետախուզական աղբյուրները։
«Այդ նյութերը ոչ մի կերպ չեն օգտագործվում առօրյա կյանքում կամ ռազմական գործերում: Դրանց առկայությունը կարող է վկայել կոնկրետ անձին թունավորելու միտումնավոր փորձի մասին»,- մեջբերում է հրատարակությունը:
Նշվում է, որ առողջության երկարատև վատթարացումից հետո Մարիաննա Բուդանովան հոսպիտալացվել է։ Նա այժմ ավարտում է բուժման կուրսը, որից հետո կլինի հսկողության տակ։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հետաքննվում է սպանության փորձի դեպքը։
Ավելի վաղ Բուդանովն ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ իր կինը մշտապես իր հետ է ապրում իր աշխատասենյակում, թեև նա չի աշխատում ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունում։