Հույս ունեմ՝ գալու է ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի են ապրելու, առևտուր են անելու․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ գալու է ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի են ապրելու։
«Այո՛, մենք անելու ենք ամեն ինչ ու հույս ունեմ՝ գալու է ժամանակ, ու դա ինքնաբերաբար է լինելու, երբ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի են ապրելու, առևտուր են անելու, չեմ բացառում, որ ինչ-որ մարդիկ կգնան Ադրբեջանի տարածք՝ իրենց տները, չեմ բացառում նաև, որ ադրբեջանցիները կարող են ինչ-որ ժամանակ գալ ու այստեղ բնակություն հաստատել»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ զրույցում։
ԱԺ նախագահն անընդունելի է համարում հայկական հետքը, հայկական պատմությունը ջնջելու Ադրբեջանի փորձերը։
«Դրանք հաջողության չեն հասնելու»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը նշեց, թե Հայաստանի նկատմամբ էլ մեղադրանք կա, որ, իբր, նման գործողություններ են արել։
«Ես չեմ ուզում մտնել նման բանավեճի մեջ, ես ուզում եմ, որ պատմությունն օգտագործեք ապագան կառուցելու համար։ Ես գիտեմ, որ Ադրբեջանն ուշի-ուշով հետևում է բոլոր ասածներին, բոլոր հայտարարություններին, կուզեմ, որ ուշադրություն հրավիրեն սրա վրա․ հերիք է, պետք է դադար տալ, պետք է խոսել ապագայի մասին»,- նշեց Սիմոնյանը։