Մինչև ամսվա վերջ պարզ կլինի․ ՀԾԿՀ նախագահը՝ հոսանքի, գազի և ջրի սակագների բարձրացման մասին
«Ամեն տարի վերանայվում է էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռը։ Այս պահին ընդհանուր ուսումնասիրություն է իրականացվում, հաշվեկշիռն ենք վերլուծում, մինչև ամսվա վերջ պարզ կլինի»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյան՝ պատասխանելով հարցին, արդյոք մոտ ապագայում կբարձրանա՞ էլեկտրաէներգիայի սակագինը։
Ինչ վերաբերում է ջրի սակագների փոփոխությանը, նա ասաց, որ ջրի սակագնի վերաբերյալ որոշում վաղն են կայացելու։
«Կառավարության հետ կա համաձայնեցում, որ սուբսիդավորումը շարունակվելու է, ընդամենը սուբիսիդիայի մեծությունը կփոխվի։ Սպառողն իր վրա ոչինչ չի զգա։ Սոցիալապես անապահով սպառողներ ջրի սակագինը ստացվում է հաշվարկային 180 դրամ, այսօրվա գործող 208.4 դրամը դառնում 206 դրամ, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով»,- ասաց նա։
Գազի սակագնի հետ կապված` Գարեգին Բաղրամյանն ասաց, որ վերջին վերանայումը եղել է օգոստոսի 1-ին, մնացել է անփոփոխ։
«Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում` վերանայման գործընթաց սկսվի»,- ասաց ՀԾԿՀ նախագահը։
Հարցին՝ քաղաքական գործընթացները, ՌԴ կողմից քաղաքական դիրքորոշման փոփոխությունները կարո՞ղ են ազդել գազի սակագնի վրա, ռուսական կողմը կարո՞ղ է որոշել, որ վաղվանից գազի գինը սահմանին բարձրացնում է, թե պայմանագրային պարտավորություններ կա՞ն, Բաղրամյանն ասաց. «Համաձայնություն էր կնքվել, որ առաջիկա 10 տարվա համար 165 դոլարը ֆիքսվում է»։