Շուկայում հայտնվել են ուղղակի մատիտ բռնող կիսագրագետներ. Կամո Արեյանն ապշած է` ինչպես են լիցենզիա տվել անորակ նախագծերին
Բազմաթիվ են դեպքերը, երբ նախագծային լուծումը չի համապատասխանել բնության մեջ իրականությանը. այսինքն` նախագիծը լինում է անորակ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Բազմաթիվ են դեպքերը, երբ համաձայնեցումն իրականացվել է սկզբնական փուլում, սակայն շարունակություն չի ստացել։ «Քաղլույսի» տեղամասի պետերի հետ համաձայնեցվել են բակային տարածքների, այգիների նախագծերը, ստացել դիտողություններ, վերջնական փուլը չի հաստատվել։ Շատ դեպքերում մատակարար կազմակերպությունների կողմից նախանշված կոմունիկացիներն անտեսվել են նախագծողների և փորձաքննության արդյունքում, տարվա ընթացքում ունեցել ենք նույնիսկ խայտառակ դեպքեր, երբ նախագիծն ամբողջությամբ չի համապատասխանել բնության մեջ իրականությանը և վերանախագծման խնդիր է դրվել»,- մանրամասնեց Արեյանը:
Որպես օրինակ նշեց, որ նախագծվում է մանկապարտեզ առանց հաշվի առնելու լրացուցիչ նոր հզորությունները, գազի նոր քանակը, հոսանքի նոր հզորությունը և դա բերում է բարդություններ։
«Այդ ամենն հարթվել է համատեղ աշխատանքի արդյունքում»,- ասաց Արեյանը։
Նրան ապշեցնում է այն, թե նման «ճարտարապետներն» ինչպես են լիցենզիա ստացել:
«Այս ոլորտում, շուկայում հայտնվել են ուղղակի մատիտ բռնող կիսագրագետներ։ Ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա և ամբողջ անորակությունը, աշխատանքի հետագա բարդությունը գալիս է նախագծերի անորակությունից։ Մեր խնդրանքն է՝ այդ նախագծերը չընդունվել»,- ասաց նա: