Համայնքները խոշորացրել ենք, որովհետև փոքր համայնքներում բոլորն իրար հորեղբայր, քեռի են․ Փաշինյան
«Ինչու ենք եկել համայնքների խոշորացման գաղափարին, որովհետև տեսել ենք, որ գործող համակարգը համայնքների կյանքում ընդհանրապես որևէ բան չի փոխում, գյուղերը քայքայվում են»։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ արձագանքելով դիտարկմանը, թե՝ համայնքների խոշորացումից հետո վիճակն էապես չի փոխվել։
Փաշինյանը վստահեցրեց, որ խոշորացումը հնարավորություն է տալիս կոնսոլիդացնել և մեծացնել բյուջեները և համայնքներին շահագրգռել բյուջեները համալրել:
«Մենք այդ ահազանգը գիտենք, որ խոշորացված համայնքների փոքր բնակավայրերն այնքան էլ իրենց վրա չեն զգում այդ փոփոխությունները, բայց վստահ ենք, որ այդ փոփոխությունները գալու են»,- հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` ինչքան փոքր է համայնքը, այնքան ընտանեկան բարեկամական կապերը շատ են և այդ բարեկամական կապերը թույլ չեն տալիս անձնական հարաբերությունների տիրույթից տեղափոխվել քաղաքական հարաբերությունների տիրույթ:
«Ինչքան փոքր է եղել համայնքը, այնքան քաղաքական կյանքը բացակայել է, որվհետև բոլորն իրար հորեղբայր, քեռի են և այլն: Այդ ընտանեկան կապերը թույլ չեն տվել, որ համայնքային շահը դրվի առաջնային շարքում»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ այդ ընթացքում քշելով իր դեմքին կանգնած ճանճին: