Առողջության ապահովագրության տարեկան վճարը լինելու է մոտ 200 հազար դրամ
Կենսաթոշակառուների առողջության ապահովագրությունը պետությունն ամբողջովին կվերցնի իր վրա և 2025-ին այն 100 տոկոսով կսուբսիդավորի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ փետրվարին ընդունված հայեցակարգի հիման վրա մշակվել է օրենսդրական փաթեթը, որի կարևոր կետերից է տոկոսային ապահովագրավճարներից անցումը դեպի ֆիքսված ապահովագրավճարի՝ տարեկան մոտ 200 հազար դրամի չափով։
«Կարևոր է նաև ֆիքսված ապահովագրավճարի պարագայում պետության ճկուն սուբսիդավորման համակարգը այն քաղաքացիների համար, ովքեր ունեն միջին աշխատավարձից ավելի ցածր եկամուտներ։ Ովքեր ստանում են միջին աշխատավարձից ցածր՝ գումարի 30-40 տոկոս չափով կսուբսիդավորվեն»,- նշեց նախարարը։
Նվազագույն աշխատավարձի դեպքում քաղաքացիները սուբսիդիաներ ավելի շատ կստանան։