ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկվել է Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ներկա փուլը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Թեա Մելիքաձեի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը‚ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը‚ հիմնադրամի սոցիալական ազդեցության և վերաբնակեցման բաժնի պետ Լիլիթ Դիլանյանը։ Հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Նշենք‚ որ Թեա Մելիքաձեն ՎԶԵԲ-ի կողմից նշանակվել է Սիսիան-Քաջարան հատվածի պատասխանատու‚ և սա տիկին Մելիքաձեի առաջին հանդիպումն էր հայկական կողմի հետ։
Տիկին Ղալեչյանը ողջունեց հյուրերին՝ հույս հայտնելով‚ որ նոր մեկնարկող համագործակցությունը կլինի արդյունավետ։ Փոխնախարարը և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները ՎԶԵԲ-ի պատվիրակների հետ քննարկեցին Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ներկա փուլը‚ հյուրերին ներկայացվեց ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով։
Հիշեցնենք‚ որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 60կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը։ Աշխատանքները ֆինանսավորվելու են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։