Պուդինգի ապացույցն իրեն ուտելն է․ ուտում ենք այդ պուդինգը, ասում ենք՝ չէ, վսյո ժե, չկա էլի այդ պուդինգը․ Քերոբյան
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրեց՝ ապահովության տեսանկյունից Հայաստանը 7-րդ երկիրն է 142 երկրների մեջ, քանի որ երկրում շատ քիչ է բռնի հանցագործությունների մակարդակը:
«Հայաստանը նաև վեցերորդ երկիրն է իր զբոսաշրջության աճով՝ բոլոր երկրների շարքում»,- ասաց նախարարը։
Քերոբյանը համամիտ է ընդդիմության այն տեսակետին, որ տնտեսական աճը կապ չունի կառավարության աշխատանքի հետ։ Ըստ նախարարի` կառավարության աշխատանքը ապահովել է այն միջավայրը, որն էլ ապահովել է այս տնտեսական աճը:
Անդրադառնալով հանձնաժողովի նիստում հնչեցրած դիտարկմանը, թե ոլորտում արձանագրվող արդյունքներն ու զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը ոչ թե պետության քաղաքականության արդյունք են, այլ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանք՝ Քերոբյանն ասաց. «Անգլիացիներն ասում են՝ պուդինգի ապացույցն իրեն ուտելն է: Հիմա երբ ուտում ենք այդ պուդինգը, ասում ենք՝ չէ, վսյո ժե, չկա էլի այդ պուդինգը, աշխատանքը չկա: Աշխատանքի ապացույցն արդյունքն է, բայց ասում եք՝ արդյունքը դեռ չի նշանակում, որ տակը աշխատանք կա»: