Իսրայելը դեմ է, որ Արևմուտքը խաղաղապահներ մտցնի Գազա
Միացյալ Նահանգները և եվրոպացի դաշնակիցները պլան են մշակում պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու համար: Դա միտված է մեծացնել ճնշումն Իսրայելի վրա՝ դադարեցնելու իր ռազմական գործողությունը Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության աճող զոհերի ֆոնին: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Այդ գաղափարը քննարկող պաշտոնյաները խոստովանում են, որ «մեծ հարցեր են մնում այն մասին, թե արդյոք նման գործողությունը հնարավոր կլինի Գազայում», հատկապես՝ հաշվի առնելով իսրայելական թերահավատությունը։
Այնուամենայնիվ, պաշտոնյաները կարծում են, որ ՄԱԿ-ի ուժեր ներգրավելու հնարավորության բարձրացումը կարող է դրդել Իսրայելին դադարեցնել իր ռազմական գործողությունները Գազայում, որոնք հանգեցրել են ավելի քան 11,000 մարդու մահվան և հումանիտար աղետի:
Անանուն իսրայելցի պաշտոնյաները Bloomberg-ին ասել են, որ թերահավատորեն են վերաբերվում ՄԱԿ-ի ուժերի արդյունավետությանը և ակնկալում են, որ իսրայելական զորքերը «ըստ ցանկության» կկարողանան ազատորեն մուտք գործել և դուրս գալ Գազա: