Չեմ կասկածում, որ նա հաղթելու է․ Պեսկովը՝ Պուտինի վերընտրվելու մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կասկածում, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը կհաղթի 2024 թվականի նախագահական ընտրություններում, եթե որոշի առաջադրվել: Այս մասին գրում է TACC-ը։
Պեսկովը նշել է, որ Պուտինը դեռ չի հայտարարել առաջադրվելու իր մտադրության մասին, սակայն Կրեմլի խոսնակը հույս ունի, որ նախագահը դա կանի։
«Ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ նա դա կանի։ Չեմ կասկածում, որ նա հաղթելու է ընտրություններում, չեմ կասկածում, որ նա շարունակելու է լինել նախագահ։ Եվ հետո կտեսնենք»,- ասաց նա։
Մինչ այս Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դեռևս որոշումներ չեն կայացվել 2024 թվականի նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինի՝ ինքնառաջադրված թեկնածուի մասնակցության վերաբերյալ։