Հովիկաբրահամյանական թևը պետք է ադապտացվի, կամ առաջարկի այլ ծառայություններ. Ստյոպա Սաֆարյան
«Հովիկ Աբրահմյանը աստիճանաբար կորցնում է իր դերակատարությունը: Այժմյան գործընթացներով գծագրվում է նոր խոհրդարանը և կառավարությունը», –newspress.am-ի հետ զրույցում նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ կարելի է ասել, որ Հովիկ Աբրահամյանի գլխին սև ամպեր են կուտակվել, քանի որ նա, ըստ էության, ոչնչով չտարբերվեց նախորդ վարչապետից:
«Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն չարձանագրվեց, տնտեսությունը չբարելավվեց, մի խոսքով արդյունավետություն չեղավ, այլ՝ հակառակը»,- մանրամասնեց քաղաքագետը:
Ըստ նրա՝ հանրապետականների համար ուղղակի պարտություն կլինի, եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հովիկ Աբրահամյանը ցուցակը գլխավորի և պատահական չէ, որ փոփոխությունները այժմ սկսում են Հովիկ Աբրահամյանի թևից:
«Պատահական չէ նաև, որ Սերժ Սարգսյանը հավատարիմ ֆիգուրին՝ Արմեն Աշոտյանին զոհ է տալիս, Հովիկ Աբրահամյանն էլ զոհեր կտա:
Ստյոպա Սաֆարյանը նաև ասաց, որ ավելի ուշ արդեն կդրվի նաև վարչապետի փոփոխության հարցը. «Հանրապետականները նոր դեմքով են փորձելու հանդես գալ, ստեղծվում է մի օղակ, որի ներսում հովիկաբրահամյանական թևը պետք է ադապտացվի, կամ առաջարկի շատ ավելի մեծ ծառայություններ»,-եզրափակեց քաղաքագետը:
Նա նաև հիշեցրեց, որ Հովիկ Աբրահմյանը վարչապետ էր նշանակվել ԲՀԿ-ի գործոնով պայմանավորված: