ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ անգամ նույն մայթով չպետք է քայլի. Ազատ Արշակյան
«ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի ծրագրերն անհամատեղելի են. հենց միայն ժնևյան հայտնի հայ-թուրքական բանակցությունները բավարար են, որպեսզի Դաշնակցությունը ՀՀԿ-ի հետ անգամ նույն մայթով չքայլի, մայթը փոխի»,- newspress.am-ի հետ զրույցում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի բյուրոկրատիան գնացել են ստվերային համաձայնության, որից կուսակացությունների լայն հատվածը տեղյակ էլ չէ և սա ընդհանուր առմամբ ոչ թե քաղաքական պրոցես է, այլ անձնական շահերին միտված գործընթաց: Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ հենց սա է պատճառը, որ դաշնակցականները խուսափում են կոալիցիա բառը օգտագործել, որը ուղղակի ֆրեդիզմ է:
Գերագույն խորհրդի պատգամավորը մանրամասնեց, որ Դաշնակցությունը, որպես կուսակցություն, համագործակցությունից տուժում է, շահում են դաշնակցական բյուրոկրատները, որոնք գոնե մեկ տարի ուզում են անձնական շահերը առաջ տանել. «մի խոսքով, սա խաղ է` դաշնակցական բյուրոկրատները պորտֆելների համար են խաղում, իսկ հանրապետականները՝ մրցակցին խաղից դուրս բերելու համար, մանավանդ, որ Դաշնակցությունը լուրջ գաղափարախոսություն, սփյուռքում մեծ կառույցներ ունի»:
Ազատ Արշակյանի խոսքով՝ այս ճանապարհով Հանրապետականը չեզոքացնում է նաև այն վտանգը, որ Դաշնակցությունը կարող է միանալ այն ուժերին, որոնք իրականում ձգտում են իշխանափոխության. «Դաշնակցությունը պիտի միանար ՀՀԿ-ին հեռացնելու գործընթացներին, ՀՀԿ-ի ժամանակն անցել է»,-եզրափակեց նա